BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Առաջին քրիստոնյաները Քրիստոսի հարության մեջ հայտնաբերել էին հենման կետը

Առաջին քրիստոնյաները Քրիստոսի հարության մեջ հայտնաբերել էին հենման կետը
14.06.2016 | 11:00

Նոր կտակարանում բերված և ոչ մի մանրամասն զուրկ չէ կարևորությունից: Սակայն բոլորը հավասարարժեք չեն: Որոշ փաստերի վրայով հեղինակներն անցնում են հպանցիկ: Դրանք չունեն էական կշիռ այնպես, ինչպես Քրիստոսի հարության փաստն է: Այն Նոր կտակարանում զբաղեցնում է կենտրոնական տեղ և իշխում վաղ շրջանի Եկեղեցու կազմավորման ողջ շրջանի, ինչպես նաև քրիստոնյաների առաջին սերնդի մտածողության վրա: Հանենք հարությունը Նոր կտակարանի էջերից, և Եկեղեցին կկորցնի իր բովանդակությունը: Եթե վերցնենք Աստվածաշունչը և Նոր կտակարանի էջերի վրա ընդգծենք Քրիստոսի հարության հետ կապված հատվածները, կզարմանանք, թե ինչքան հաճախ է այն հանդիպում:


Հարությունն այն անկյունաքարն է, որի վրա հենվում է քրիստոնեական ավանդույթի շենքը: Առաջին կետը, որը կգրավի մեր ուշադրությունը, հարության պատմությունն է, որ գրվել է չորս ավետարանիչների` Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի գրչի ներքո: Ընդհանուր առմամբ ավետարանները չեն բերում նույն փաստերը` բացառությամբ հացի բազմացման հրաշքի: Հիսուսի ծննդյան պատմությունն անգամ, որը, սակայն, էական է Քրիստոսի գործն ու անձը հասկանալու տեսակետից, տվել են միայն երկու ավետարանիչները` Մատթեոսը և Ղուկասը: Նույն ձևով էլ համբարձման պատմությունը հանդիպում է միայն Մարկոսի և Ղուկասի մոտ:


Եթե աչքի անցկացնենք «Գործք առաքելոց» գիրքը, ապա կհանդիպենք առաքյալների մոտավորապես տասնութ կամ տասնինը քարոզի, որոնցից տասներեքում պարզորոշ խոսվում է հարության մասին: Այս գրքի առաջին գլխում պատմվում է Հիսուսի ու նրա աշակերտների միջև կայացած մի զրույց, ուր հեղինակն ընդգծում է, որ քառասուն օր շարունակ Հիսուս երևացել է նրանց: Տանջանքներ կրելուց հետո, բազմաթիվ ապացույցներով, կենդանի նրանց է ներկայացել, քառասուն օր երևացել` խոսելով Աստծո թագավորության մասին: Հիսուսի իրական ու մարմնական ներկայությունը նրանց աչքին դարձել էր անհերքելի փաստ: Նույն այս գլխի վերջում, հարության վկա լինելը ենթադրելի է, որ ներկայացված է իբրև առաքյալ լինելու համար պահանջվող պայման (Գործք 1.22) և սբ Պողոսի` կորնթացիներին ուղղված առաջին նամակի մի տող (Ա Կորնթ. 9.1) հաստատում է այս պայմանը: Նաև հետևյալ հատվածը` և առաքյալները մեծ զորությամբ վկայություն էին տալիս Տեր Հիսուսի հարության համար և մեծամեծ շնորհներ կային ամենքի վրա (Գործք 4.33):


«Գործք առաքելոց»-ի ընթերցանության ժամանակ, մեկ ուրիշ կետ էլ վեր է հանում այն, որ երկու կողմերի` առաքյալների ու նրանց հակառակորդ հրեաների միջև կրքոտությամբ վիճարկվող թեման հենց Քրիստոսի հարությունն է (Գործք 4.33 և 23.6): Պաղեստինի հռոեմացի կուսակալներից մեկը` Պորկիոս Փեստոսը, լսելով, թե Պողոս առաքյալն ու իր հակառակորդներն ինչպես են վիճաբանում Քրիստոսի հարության թեմայով, այս մասին հաշվետու եղավ Ագրիպպաս արքային` ամփոփ ներկայացնելով վեճը: Նա ասում էր՝ կողմերը վիճում էին ոմն Հիսուսի շուրջ, որը մահացել էր, մինչդեռ Պողոսը հայտարարում էր, թե իբր տեսել էր նրան: Սա հենց այն պնդումն էր, որ Պողոսն անում էր ամենուրեք, ուր քարոզում էր: Հիսուսը ողջ էր: Տեղի էր ունեցել մարմնական հարություն: Կանգնելով նշանավոր Արեոպագոսի առաջ` Աթենքում Պողոսը չի վարանում թերամտորեն մոտեցող, անգամ սարկազմի ոգով տրամադրված ունկնդիրների առաջ հաստատել Հիսուսի հարության իրողությունը (Գործք 17.18): Երբ թերթում ենք Պողոսի և մյուս առաքյալների թղթերը, դարձյալ նկատում ենք հարության կենտրոնական լինելու փաստը: Հայտնի է անտիկ աշխարհի հույն գիտնական ու մտածող Արքիմեդի խոսքը, թե տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ երկրագունդը: Կարելի է ասել, որ առաջին քրիստոնյաները Քրիստոսի հարության մեջ հայտնաբերել էին հենման կետը: Այդ իսկ պատճառով էլ ի վիճակի եղան իրապես բարձրացնելու երկրագունդը, տակնուվրա անելու պատմության ընթացքը, վերափոխելու կյանքը:


Վաղ շրջանի Եկեղեցու` Քրիստոսի մասին ունեցած պատկերացումը ձևավորվել էր մարմնական հարության լույսի ներքո (Հռոմ. 1.14): Մեղավորի արդարացման հիմքում հարությունն էր (Հռոմ. 4.25): Քրիստոնեական բարոյագիտությունը հիմնվում էր հարության վրա (Հռոմ. 6.4): Այնկողմնային կյանքի և անմահության նկատմամբ քրիստոնեական հույսը ևս ներշնչվում էր դրանից (Ա Թեսաղոնիկ. 4.14): Վերջնական դատաստանի համոզմունքը ևս բխում էր հարությունից (Գործք 17.31): Եբրայեցիներին ուղղված նամակը նույն համոզմունքն է կիսում Քրիստոսի հարության նկատմամբ (Եբր. 13.20): Իր հերթին սբ Պետրոսը արմատական է համարում հարության պատմականությունը (Ա Պետր. 1.3): Եվ վերջապես Հովհաննեսի Հայտնությունը` Նոր կտակարանի վերջին գիրքը հենց սկզբից էլ ազդարարում է հարության խորհուրդը (Հայտն. 1.18): Նոր կտակարանի տեքստերն ուսումնասիրելիս շլացուցիչ պայծառությամբ աչքի է զարնում այն հանգամանքը, որ բոլոր առաքյալները, ինչպես նաև սովորական հավատացյալները, Քրիստոսի մարմնական հարությունն ընդունել են իբրև կասկածից դուրս գտնվող փաստ: Հարությունն առասպել չէ: Նրանք ոչ միայն դրան հավատում, այլև ուժեղ ու զվարթ համոզմունքով այն հայտարարում են:
Եվ այսպես, նա, ով հարության նկատմամբ հավատքը չի ներառի քրիստոնեական իր համակարգի մեջ, ով կհարաբերականացնի դրա կարևորությունը կամ էլ այն կտեղավորի կրոնական անստուգելի հավատամքների թանգարանում, ինքնաբերաբար դուրս կմղվի համաշխարհային Եկեղեցու հավատամքից: Դա ճշմարիտ է, եթե անգամ կիսում է քրիստոնեական ներշնչանքով որոշ գաղափարներ կամ ընդունում է քրիստոնեական վարդապետության հոգևոր որևէ արժեք:

Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ